ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի որոշումների վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսն անհրաժեշտ է համարում Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։ Այս մասին ասված է ՀԱԿ տարածած հայտարարության մեջ:
Ներկայացնում ենք ՀԱԿ հայտարարությունն ամբողջությամբ.
«1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարևոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին։
2. Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։