Ադրբեջանում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել՝ Իլհամ Ալիևի հրաժարականի պահանջով
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատը նոյեմբերի 9-ին ցույց է անցկացրել, որտեղ հիմնականում պահանջել են ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստներին: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղը:
Ըստ աղբյուրի՝ ցույցի ընթացքում Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվի վերացնել քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր կուսակցությունները երկրում:
«Ի հեճուկս մասշտաբային բռնաճնշումների՝ մարդիկ հավաքվել ու բողոքում են նրանց դեմ: Իշխանությունը ցանկանում էր բռնաճնշումներով վախեցնել ժողովրդին ու ստիպել ադրբեջանական հասարակությանը լռել: Սակայն դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել՝ չնայած ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների ձերբակալություններին»,- նկատել է Քերիմլին:
Համաձայն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության՝ իր հերթին Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին, հայտարարելով Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալների առկայության մասին, նշել է` իշխանությանը քննադատած ձերբակալվածների նման թիվ չկա նույնիսկ լիակատար միապետություններում:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Հասանլին նկատել է, որ թոշակառուներին թոշակը չի բավականացնում դեղորայք գնելու համար: Բուժման համար ադրբեջանցիները հարկադրված են մեկնել հարևան Իրան: Չնայած գյուղատնտեսության ներուժին՝ գյուղացիներն իրենց խղճուկ գոյությունն են ապահովում:
Հասանլին հայտարարել է ընտրական բարեփոխումների ու ընտրական հաձնաժողովների կազմի փոփոխության անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի ապահովել ժողովրդի վստահությունն ընտրությունների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Կավկազսկիյ Ուզելը», ադրբեջանական ընդդիմության ցույցն ավարտվել է բանաձևի ընդունմամբ, որտեղ պահանջներ են առաջ քաշվել քաղբանտարկյալների ազատման, ընտրական բարեփոխումներ անցկացնելու, սոցիալական խնդիրների լուծման, Ադրբեջանի՝ եվրաինտեգրման խորացման վերաբերյալ:
Նյութում նշված է, որ ցույցի ընթացքում ելույթ ունեցողների խոսքն ընդհատվում էր «Հրաժարակա՛ն» նշանաբանով, որը ենթադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Ցույցի կեսերին հերթական նշանաբանները վանկարկելիս մի քանի րոպեով անջատվել են ձայնի հզորացման սարքերը: Կազմակերպիչները դա բացատրել են էլեկտրականության մտածված անջատումներով: Սակայն դա ավելի է բարկացրել ցույցի մասնակիցներին, և նրանք շարունակել են էլ ավելի բարձր վանկարկել նշանաբաններ:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, ցույցին մասնակցել են հավատացյալների խմբեր, որոնք պահել են ձեռքներին Իսլամական կուսակցության ձերբակալված առաջնորդ Մովսում Սամեդովի նկարով, աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանլըի ու Թալեհ Բահիրզադեի նկարներով պաստառներ:
Ցույցի հանձնաժողովի նախագահ, Ազգային ճակատ կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանլըն ասել է, որ ցույցին մասնակցել են մոտ 7 հազար հոգի:
Հիշեցնենք, որ Բաքվում հոկտեմբերի 12-ին ևս ընդդիմության ցույց էր անցկացվել՝ քաղբանտարկյալների ազատման պահանջով:
Նյութեր թեմայի շուրջ`
Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների
«Թուրան». Ադրբեջանում ընդդիմությունը սպառնում է քաղաքական անակնկալներ մատուցել իշխանություններին
Ադրբեջանում Ալիևի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել