Ադրբեջանը ռազմական հարուստ պատմություն չունի, և իրեն է վերագրում Թուրքիայի պատմական հերոսական դրվագները. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Թուրքիային և այլ երկրներին պատկանող հերոսական դրվագները ներկայացվում են որպես ադրբեջանական ժողովրդի հերոսապատումներ, հիմնականում՝ իբրև Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած հերոսություններ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Modern.az կայքը:
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական «Հուրրիյյեթ» թերթին տված հարցազրույցում «Ռազմական լրագրողներ» ՀԿ-ի ղեկավար, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անընդունելի է համարել ստեղծված իրավիճակը՝ զգուշացնելով, թե դա կարող է հանգեցնել Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի դժգոհությանը:
«Չէի ցանկանա, որ որոշ ժամանակ հետո թուրքական կողմն Ադրբեջանին մեղադրեր բանագողության համար: Ստացվում է, որ երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար պետական բյուջեից հատկացված միլիոնավոր ֆինանսական միջոցները նպատակին չեն ծառայել: Դասագրքերում պետք է ներկայացվի Ադրբեջանի իրական ռազմական պատմությունը», -ասել է նա:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր հերթին խոստովանել է, որ Ադրբեջանի ռազմական պատմությունն այնքան էլ հարուստ չէ, այն սկսվում է միայն 1918-ից, իսկ խորհրդային շրջանի պատմությունը չի կարելի վերագրել Ադրբեջանին:
«Դասագրքերում պետք է գրել այն, ինչ կա: Ադրբեջանին այլոց պատմությունը վերագրելը մի օր ջրի երես դուրս կգա ու խայտառակ վիճակ կստեղծի», -նկատել է նա:
Նյութ թեմայի շուրջ`
Ադրբեջանը կեղծում է իրանցի հայտնի բանաստեղծ Շահրիյարի ստեղծագործությունները