Նիգերիայի ծայրահեղական խմբավորման առաջնորդը ողջունել է իր ադրբեջանցի եղբայրակիցներին
«Բոքո Հարամ» անունը կրող նիգերիական ծայրահեղ իսլամիստական խմբավորման առաջնորդը «Ֆրանս Պրեսս» լրատվական գործակալության հրապարակած տեսագրությունում ողջույններ է փոխանցել տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի իր եղբայրակիցներին:
Այս մասին ասվում է DailyPost նիգերիական առցանց պարբերականի հոդվածներից մեկում:
44 րոպե տևողությամբ տեսագրության մեջ նաև նշվում է որ «Բոքո Հարամն» անմնացորդ աջակցում է «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը: Տեսագրությունում խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն հայտարարում է, որ նրանք իսլամական խալիֆայություն են հիմնել:
«Մենք մեր ողջույններն ենք փոխանցում նրանց, ովքեր բնակվում են Իսլամական խալիֆայությունում»,- հայտարարել է Շեքաուն՝ հիշատակելով Աֆղանստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Չեչնիայում, Եմենում, Սոմալիում իր եղբայրակիցներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բազմիցս հրապարակումներ են եղել թե՛ ադրբեջանական, թե՛ միջազգային մամուլում՝ Ադրբեջանի քաղաքացիների՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և իսլամական օջախներ ունեցող այլ երկրներում ներքին հակամարտությանը մասնակցելու մասին:
Նյութեր թեմայի շուրջ:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
«Faktxeber». Սիրիա մեկնելը և այնտեղ «սպանվելը» շահավետ է ադրբեջանցի հանցագործների համար