Գ. Պետրոսյան. Թուրքիան շարունակելու է խաղալ
Թուրքիան մի քանի ճակատով՝ դիվանագիտական, տեղեկատվական, քարոզչական, պատրասվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի «հարցազրույցը» թուրքական Posta թերթին, Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակումը տեղավորվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման շրջանակում:
«Այս բոլոր քայլերով Թուրքիան փորձում է խաղալ, ցույց տալ միջազգային հանրությանը, որ փոխվել է, դրական զարգացում է ապրում, դրական տեղաշարժեր են կատարվում երկրում»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից նման անկանատեսելի, զուտ մակերեսային, քարոզչական քայլեր լինելու են:
Գ. Պետրոսյանի կարծիքով, այս պահին այդքան էլ ճիշտ չէ, որ Հայաստանն իր բոլոր ռեսուրսներն օգտագործի միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այլ պետք է ուժերը կենտրոնացվի իրավական դաշտում խնդիրը լուծելու ուղղությամբ: Ըստ նրա, այս ուղղությամբ աշխատելու համար նախ և առաջ պետք է ստեղծել տեղական ու միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողով, որը պետք է հարցը քննի տարբեր տեսանկյուններից: Հանձնաժողովը, ըստ թուրքագետի, պետք է որոշակի ժամանակում կարողանա եզրակացություն տալ, թե որքանով է իրատեսական դիմել միջազգային դատարան, ինչ քայլեր պետք է արվեն: