Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նաև ուսումնական սրահ կունենա
Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նախ տեղեկացրել է, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծել, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, ուր այցելելով դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։
«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարևորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ը ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաև գրահրատարակչական ասպարեզում։ Մեր գիտաշխատողները, աշխատակիցները պատրաստակամ են աջակից լինել ձեր նախաձեռնություններին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ապա ներկայացրել իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Հայկ Դեմոյանն ընդգծել է, որ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրքի հրատարակված քանակության կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև Սփյուռքի հայկական դպրոցների համար։
«Զարգացող, փոփոխվող, իրադարձությունների արագ անցումների ժամանակներում լուրջ մարտահրավերների ենք հանդիպում. դրանք մարտահրավերներ են հասարակության դեմ, պետականության դեմ: Պետականություն, միասնականություն, հավաքականություն խորհրդանշող այս խորհրդանիշները պետք է ուսուցանելուց բացի ոգևորեն մեր պատանիներին, աղջնակներին՝ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ ու կայունացմամբ»,- նշել է գրքի հեղինակը և մեկական օրինակ տրամադրել Երևանի դպրոցներին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով թանգարանի նախաձեռնությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է կրթական այս և նման նախաձեռնությունների աջակիցը լինել։
«Վստահ եմ, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն էլ զինվորի պատրաստակամությամբ են տրամադրված ծրագրին»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
«Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս նախաձեռնությանը։
Հանդիպման ավարտին ներկաներին է հանձնվել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան-կրծքանշան անմոռուկներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները