Բիձինա Իվանիշվիլին քննադատել է Վրաստանի նախագահին ու վարչապետին
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շաբաթ օրը Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերից քննադատություն է հնչեցրել է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես, նախագահի և վարչապետի հասցեին: Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը:
«Լավ վարչապետ է, շատ բաներ է անում, սակայն ունի փորձի պակասություն և նա ցույց տվեց իր «քաղաքական անհասունությունը», երբ խոսեց Ալասանիայի մասին»,- ասել է Իվանիշվիլին, անդրադառնալով օրեր առաջ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հասցեին վարչապետ Գարիբաշվիլիի վիրավորական դիտարկումներին:
Հիշեցնենք, վարչապետը նախկին նախարարին անվանել էր «հիմար», «դավաճան» և «արկածախնդիր»:
Իվանիշվիլիի խոսքերով, վարչապետը անհրաժեշտ զսպվածություն չի ցուցաբերել և մոռացել է, որ հարիր չէ նման կերպ արտահայտվել երբեմնի գործընկերների մասին:
Իվանիշվիլին քննադատել է նաև նախագահ Մարգվելաշվիլիին, «անպատասխանատու» որակելով վերջինիս հայտարարությունները Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Վրաստանում նախագահի ինստիտուտին, առաջին հերթին, վնաս է հասցնում հենց նախագահը, ով անպատասխանատու հայտարարություններ է անում, մասնավորապես, այն մասին, որ երկիրը կառավարվում է ետնաբեմից և կրկնում «Ազգային շարժման» խոսքերը»,-ասել է Իվանիշվիլին:
«Դա վիրավորանք է թե՛ իմ, թե՛ կառավարության հասցեին: Եթե ես ցանկանայի մնալ քաղաքականության մեջ՝ կմնայի», - ասել է Իվանիշվիլին, հավելելով, թե չի հավատում, որ նախագահը վարում է ընդդիմադիր «Ազգային շարժման» քաղաքականությունը, սակայն «ընկերություն է կազմել նրանց հետ՝ ընդդեմ կառավարության»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են