Նոր նախարարությունները կբերե՞ն կրճատումներ (տեսանյութ)
«Բացի ԵՏՄ և այլ ինտեգրացիոն գործընթացներից նախարարությունը զբաղվելու է նաև այլ բարեփոխումներով` մի շարք ոլորտներում»,- ԱԺ նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատգամավորներին ներկայացնելով «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ինչի արդյունքում այս երկու նախարարությունների փոխարեն կձևավորվի մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Արձագանքելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե արդյոք այս միավորումը չի կարող բերել հաստիքների կրճատումների, նախարարն ասաց, որ այս պահին կարողացել են անել այնպես, որ չպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում այդ կառուցների համար, բայց կրճատումների մասով հիմա դժվար է հստակ բան ասել:
«Եթե կառավարությունը կարողանա՝ կպահպանի ռեսուրսները»,- հայտարարեց Հ.Մանուկյանը: