Սերժ Սարգսյան. Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները կատարեց
«Մենք տրամադրված ենք ավարտին հասցնելու փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու, այսինքն` գործնականում բավականաչափ լավ աշխատանք է տարվել, և այս անգամ ևս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները այդ ժամանակահատվածի համար կատարեց»,- «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞ նչ փուլում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք արդեն կառավարությունից ստացել ենք փաստաթղթերի փաթեթը, և այդ փաթեթն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, նշանակել ենք ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին վարույթ է ընդունել այդ գործը և հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին կսկսի գործի լսումը: Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ: Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որպեսզի մենք հունվարի 1-ից
լիարժեքորեն սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,-հավելել է երկրի ղեկավարը: