Համոզված եմ, որ եռյակը շարունակելու է իր գործունեությունը. Ս.Մարգարյան
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվել է եռյակի հանդիպումը, որը երկշաբաթյա ընդմիջումից հետո տևեց բավականին երկար: Նիստի ավարտին ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը նախևառաջ պատասխանեց օրվա գլխավոր հարցին՝ եռյակը պառակտվո՞ւմ է.«Ի հեճուկս շատերի ցանկությունների՝ եռյակը չի պառակտվի»:
Այնուհետ նա ասաց, որ նորմալ է, երբ ամեն մեկն ունի իր տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ: Բայց եռյակի գոյության համար կարևոր է, թե որքանով է եռյակը կարողանում հաղթահարել այդ կարծիքների տարբերությունները:
«Այսօրվա քննարկումից ելնելով էլ` համոզված եմ, որ եռյակը շարունակելու է իր գործունեությունը»,- ընդգծեց նա:
Ս.Մարգարյանի խոսքով՝ շատ արդյունավետ նիստ էր, որում քննարկվել են կազմակերպական տարբեր հարցեր: Մասնավորապես՝ ինչով պետք է զբաղվեն համաժողովրդական շարժման մարզային գրասենյակները և այլն:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այսօրվա նիստում քննարկված հարցերի վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական ուժերը որոշում կկայացնեն երկու օր անց հերթական նիստում:
«Որևէ մեկը չի հայտարարի հանրահավաք լինելու է, թե չի լինելու, որովհետև հանրահավաք լինելու է: Շարժումը թևակոխել է բավական լուրջ փուլ և այժմ լուրջ քննարկումների կարիք կա»,- ասաց նա՝ այդպիսով բաց թողնելով այն հարցը, թե այս ուրբաթ հնարավոր է, որ եռյակը հերթական հանրահավաքը հրավիրի:
Ս.Մարգարյանը անորոշ պատասխան տվեց նաև այն հարցին, թե եռյակը գնո՞ւմ է արտահերթ` բոլոր ընտրություններին.
«Ես չգիտեմ, թե որ պահին ինչ կանենք, դա կախված է իշխանությունների ու ժողովրդի պահվածքից: Բայց մեկ բան հստակ է՝ մեծացնում ենք համաժողովրդական ճնշումները»:
Նրա խոսքով` իրենք ընդմիջում են վերցրել, մաժոր նոտայի պայմաններում պաուզա են վերցրել, շարժումը վերակազմավորելու և լայն թափով առաջ գնալու համար:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին նոյեմբերի 14-ին Ազատության հրապարակում հավաք, այնուհետև երթ անցկացնելու մասով:
Նախորդիվ`
Եռյակի նիստը կկայանա ԲՀԿ-ՀԱԿ «փոխհրաձգության» ֆոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները