Թուրք դիվանագետ. «Եթե Թուրքիան 2015թ-ին ձախողվի, ապա նոր ռազմավարություն պետք է մշակել»
Հայկական կազմակերպությունները ակտիվորեն ներգրավված են 2015 թվականին ընդառաջ ոգեկոչման արշավում, և եթե նրանց պահանջներին հակազդման հարցում Թուրքիան ձախողվի, ապա անհրաժեշտ կլինի նոր ռազմավարություն մշակել: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության մշակման վարչության ղեկավար, դիվանագետ Ալթայ Ջենգիզերը: Փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականը:
«Նոր եմ վերադարձել Վաշինգտոնից և այնտեղ տեսել եմ, թե ինչպես են նախապատրաստական աշխատանքներ իրականացնում հայերը: Նրանց նպատակն է Թուրքիային միայնակ թողնել իր անցյալի հետ, որից Թուրքիան չի կարող գլուխ հանել: Թուրքիան ամեն ինչ կանի այդ պահանջների դեմն առնելու համար, սակայն, եթե մենք ձախողվենք, ապա անհրաժեշտ կլինի հետ 2015-յան ռազմավարություն մշակել, քանզի այլ տարբերակ չունենք»,- նշել է թուրք դիվանագետը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին հայկական կողմի նախապատրաստական հսկայածավալ աշխատանքներին` թուրք դիվանագետը նշել է, որ Անկարայի համար վատագույն սցենարներից մեկը կլինի այն, որ 100 ամյակի կապակցությամբ ԱՄՆ կողմից օգտագործվի Հայոց ցեղասպանություն եզրույթը:
Ջենգիզերի խոսքով` այդ իրադարձությունները բնորոշելու համար առավել համապատասխան է «Մեծ եղեռն» եզրույթը, քանզի այն ավելի համահունչ է խնդրի նկատմամբ հումանիստական մոտեցմանը, քան «Ցեղասպանություն» եզրույթը, որը, ըստ թուրք դիվանագետի, ավելի քաղաքական եզրույթ է: Նկատենք, որ նա հենց այս տարամաբանությամբ է Հայոց ցեղասպանության մասին խոսում իր` «Միայն հիշողության լույսի ներքո» գրքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները