«Մենք չենք ասում` եթե ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ն է ասում, ուրեմն «քխ է»». ՀՀԿ-ն երկխոսության առաջարկ է անում
«Հանրապետության նախագահը, Հայաստանի իշխանությունները, ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում և քննադատության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:
Նա շեշտեց, որ այս հարցազրույցը ցույց է տալիս` իշխանությունները, ի դեմս ՀՀ նախագահի, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով և որ իշխանության նպատակն է երկխոսության միջոցով քննարկել և լուծել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:
«Այս հարցազրույցի ամենակարևորագույն կետն այն է, որ հանրապետության նախագահը նշեց, որ մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը, որպեսզի հնարավոր լինի հասնել երկրի զարգացմանը: Այսինքն` մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը, քաղաքական իշխանության ղեկավարը անկախ ընդդիմության կողմից հնչեցված քննադատության մի կողմ է դնում իր կուսակցական ու քաղաքական շահը և առաջնորդվում է պետական շահով: Որովհետև մենք գիտակցում ենք, որ եթե ուզում ենք հաջողել, ապա մենք պետք է օգտագործենք ոչ միայն Հանրապետական, կոալիցիոն կամ իշխանական գաղափարներն ու միտքը, այլ նաև պետք է սնվենք ու լսենք մեր գործընկերների կարծիքը»,- ասաց նա` շարունակելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունից մանրամասն պատասխանել են ընդդիմադիր գործընկերներին, բայց վերջիններս բավարարված չեն:
Ավելին` մեղադրում են իշխանություններին, որ նրանք ունեն մերժողական մոտեցում և հենց դրանից ելնելով է, որ ՀՀ ղեկավարը, ըստ Է.Շարմազանովի, ևս մեկ շանս է տալիս երկխոսության, ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս նրանց ասելով` եկեք երկխոսենք, գտնենք շփման և ընդհանուր եզրեր:
«Ոչ թե կամուրջներ այրելու ճանապարհով գնանք, այլ եթե 12 կետերի մեջ թեկուզ կա մեկ կետ, որը կարելի է իրականացնել, փորձենք կառուցենք ճանապարհային քարտեղ և առաջ շարժվենք, որովհետև ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀԿ կարծիքը մեկն է եղել` մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք և ցնցումներով, մեղադրանքներով մեր ժողովրդի խնդիրները չեն լուծվի»,- ընդգծեց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք այս ամենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքը չէ՞, ԱԺ փոխնախագահը նշեց, որ «այս ամենը հետևողական քաղաքականության արդյունքն է, քանի որ առաջին իսկ օրվանից, երբ ՀՀԿ-ն ստանձնել է ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման համար, բոլորն ականատեսն են եղել, որ թե’ մարդու իրավունքների պաշտպանության, թե’ ժողովրդավարության զարգացման և թե’ քաղաքական ուժերի միջև երկխոսության մշակույթը ավելի արմատավորելու առումով հանրապետության ղեկավարն ու ՀՀԿ-ն եղել են այդ ամենի ջատագովը: Այնպես որ այս ամենը` երկխոսության կոչն ուղղված ընդդիմադիր գործընկերներին, այդ քաղաքականության տրամաբանական արդյունքն է»:
«Մենք ևս մեկ անգամ մեր քաղաքական կամքն ու պատրաստակամությունն ենք ցուցաբերում և սպասում ենք, քանի որ խնդիրը այստեղ այն չէ, թե Հանրապետականը դա արեց, ԲՀԿ-ն , թե «Ժառանգությունը», ՀՅԴ-ն կամ ՕԵԿ-ը, այլ այն է, որ բոլորս էլ գտնում ենք, որ խնդիրներ երկրում կան: Մենք ասում ենք` հնարավոր չէ այս փուլում, նրանք ասում են, որ հնարավոր է, մենք էլ առաջարկում ենք` եկեք նստենք, քննարկենք , ճանապարհային քարտեզ գծենք ու հասկանանք, թե ինչ կարելի է անել, որ օր առաջ այդ խնդիրները լուծենք, որովհետև մենք պատրաստակամ ենք ու պատրաստ ենք լսել: Մենք չենք ասում, եթե ԲՀԿ-ն է ասում, ուրեմն «քխ է», կամ որ ՀԱԿ-ն է ասում, ուրեմն «քխ է», մենք ասում ենք` եկեք քննարկենք»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների թեմային, Է.Շարմազանովը այդ հարցը նախ առանձնացրեց քառյակի 12 կետերից` նշելով, որ դա շատ ավելի գլոբալ , համակարգային փաստաթուղթ է: Եվ հանրապետության նախագահի արձագանքը ցույց է տալիս, որ այն բոլոր քննադատությունները, որ իբրև թե երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ իշխանությունները Սահմանադրական բարեփոխումներ են ցանկանում իրականացնել, դրանք ոչ տրամաբանական են:
«Մենք մշտապես ասել ենք, որ Սահմանադրական բարեփոխումների անցկացումը չի բացառում երկրում սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցկացում և այս արձագանքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այդ բարեփոխումների անցկացումը չի խանգարում ոչ կառավարությանը, ոչ ընդդիմադիր և ոչ էլ իշխանական ուժերին, որպեսզի իրենց օրակարգում ունենան նաև տնտեսության զարգացման խնդիր»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ի որոշումը` հետաձգել հանրահավաքների անցկացումը ևս պայմանավորված է այս երկխոսության առաջարկով, Է.Շարմազանովը նշեց, որ ԲՀԿ-ն բավականին հրապարակային կուսակցություն է , այնպես որ այդ հարցը ճիշտ է տալ ԲՀԿ-ի իր հարգարժան գործընկերներին