Ամեն 30 վայրկյանը մեկ պնևմոնիայից աշխարհում մահանում է մեկ երեխա. թոքաբան
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս հիվանդությունն է մանկական մահացությունների հիմնական պատճառը ողջ աշխարհում: Ամեն տարի այն խլում է 1.4 միլիոն մինչև 5 տարեկան երեխաների կյանքեր: Դա ավելին է, քան ՁԻԱՀ-ի, մալարիայի և կարմրուկի զոհերը միասին:
Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը
ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամեն 30 վայրկյանը մեկ պնևմոնիայից աշխարհում մահանում է մեկ երեխա:
«Տարբեր վիրուսներից հետո մարդու օրգանիզմում պնևմակոկը կարող է ակտիվանալ և առաջացնել մի շարք հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորներից են թոքաբորբն ու մենինգիտը»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքերով՝ թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում:
Ա.Ոսկանյանն ասաց, որ ավելի հաճախ հանդիպում են բակտերիալ, վիրուսային և սնկային պնևմոնիան:
«Պնևմոնիան իմունային համակարգի թուլացման և սանիտարական կանոնները ոչ ճիշտ պահպանելու հետևանք է: Այս հիվանդության դեմ պայքարելը դյուրին է: Քանի որ այն հիմնականում հանդիպում է 1-5 տարեկան երեխաների շրջանում, ապա առաջին հերթին նորածին երեխաներին պետք է կրծքով կերակրել: Սա շատ կարևոր է, և մայրերը պետք է ամեն ինչ մի կողմ դնեն և իրենց երեխաներին կերակրեն ոչ թե արհեստական կերերով, այլ կրծքով»,- ասաց Ա.Ոսկանյանը:
Բացի այդ, պետք է հետևել երեխաների հիգիենային, մաքուր պահել, իսկ այն սենյակը, որտեղ քնում է երեխան, մշտապես պետք է օդափոխել: Պայքարի միջոցներից մեկն էլ, ըստ նրա, պատվաստումն է: Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվել է պնևմակոկային պատվաստանյութը, և մասնագետները հույս ունեն, որ նոր ներդրված պատվաստումների արդյունքում կդիտվեն շոշափելի արդյունքներ:
Ա.Ոսկանյանը նկատեց, որ Հայաստանում վերջին երեք տարիներին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդություններից մահացության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով։ Ըստ նրա՝ եթե 2013 թվականին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում մահացությունը կազմում է 9.8 դեպք 100 հազար երեխաների հաշվարկով, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 10.7, իսկ 2011-ին` 11.6։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա