Նորանշանակ դեսպան. Նախագահ Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին կլինի Հայաստանում
«Ուրախ և հպարտ եմ, որ նշանակվել եմ Հայաստանում ֆրանսիայի դեսպան: Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկիր է, երկրի որի հետ վաղուց համագործակցում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով, Հայաստանն այն երկիրն է, որի մասին խոսում են, գիտեն Ֆրանսիայում. «Իսկապես շատ գոհ եմ, որ ինձ բաժին է հասել ակտիվացնելու հայ-ֆրանսիական հարաբերությունները»:
Նորանշանակ դեսպանը հավելեց նաև, որ ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև առկա է ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Նա հիշեցրեց, որ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել այս մոտեցումը նաև առաջիկայում: Նորանշանակ դեսպանը հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լինելու է Հայաստանում:
Բարձր մակարդակի երկխոսություն, ըստ նրա, առկա է ոչ միայն քաղաքական, այլ նաև տարբեր ոլորտներում: Դերսպան Շարպանտիեն նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը պետք է էլ ավելի ակտիվանա տնտեսական ոլորտում: Ըստ նրա, տնտեսական հարաբերություններում համագործակցությունը զիջում է քաղաքական ոլորտում գրանցված բարձր մակարդակին: Դիվանագետի խոսքով, Ֆրանսիան ՌԴ-ից հետո երկրորդ ներդրողն է ՀՀ-ում: