Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն Արարատի մարզում այս տարվա ընթացքում նախատեսել է ստուգում անցկացնել հանրային սննդի ութ կետերում: Նոյեմբերի մեկի դրությամբ ութից ստուգուվել է ընդամենը մեկը, երեքում ստուգումներն ընթացքի մեջ են:
Panorama.am-հարցերին ի պատասխան ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը պատասխանել է, որ արդեն ստուգված հանրային սննդի կետում խախտումներ են հայտնաբերվել:
Օրինակ, պահպանված չեն եղել «Սննդամթերքի մասին օրենք»-ի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որը սահմանում է.
«Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները»:
Տնտեսվարողը խախտել է նաև «Անասնաբուժության մասին օրենքի» 16-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները, որոնք սահմանում են անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները:
Նույն տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են նաև կառավարության որոշման բազմաթիվ խախտումներ:
Թե որ տնտեսվարողի մասին է խոսքը, չնայած ՝ հանրային սննդի կետերի անունները նշելու վերաբերյալ հստակ հարցին, աշխատակազմի ղեկավարը չի պատասխանել:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Նախորդող հրապարակում՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են