«Ուսուցչի ձեռքում է մեր ամենամեծ գանձը». Մեկնարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում մեկնարկեցին «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումները: Ծրագիրն իրականացվում է «Այբ» հիմնադրամի ու կրթության և գիտության նախարարության կողմից:
«Մենք տալիս ենք բավական լուրջ և շատ կարևոր ծրագրի մեկնարկ: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար: Ծրագիրը երկար քննարկումների է ենթարկվել, եղել են դիտողություններ, լրամշակումներ և այն ինչ ներկայացվում է հանրությանը, ամենևին նախնական տարբերակը չէ: Արդեն կարող ենք ասել, որ լիովին պատրաստ է հանրային քննարկմանը: Ծրագիրը մեծ նշանակություն ունի ինչպես մեր հանրապետության, այնպես էլ մեր երկրի միջազգային իմիջի համար»,- ծրագրի մեկնարկին ասաց կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝ կոչ անելով շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել քննարկումներին:
«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է կարևորել ուսուցչի դերը:
«Հայաստանի համար ամենակարևոր համարվող մարդկային ռեսուրսի կերտողը հենց ուսուցիչներն են: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ կրթություն, ուրեմն պետք է այնպես անենք, որ մարդկային որակները մտնեն դպրոց»,-ասաց նա:
Դ. Սահակյանի խոսքով, ծրագրի նախաձեռնողները նպատակ ունեն այնպես անել, որ ուսուցչի մասնագիտությունը դառնա գրավիչ:
Իսկ թե ինչպես պետք է դա իրականացվի, ըստ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրենի, աշխատանք է տարվելու զուգահեռ երկու ուղղությամբ: Առաջինը վերապատրաստման և որակավորման ծրագիրն է, որն իրականցվում է Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:
Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է Հայաստանի դպրոցներում ներդնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ և պատրաստել որակավորման ուսուցիչներ: Այն արվում է Քեմբրիջի համալսարանի հետ:
«Մենք նախատեսում ենք մինչև 2019 թվականը Հայաստանի 12 ավագ դպրոցներում ներդնել ամբողջական այդ ծրագիրը և մոտ 500 ուսուցիչ արդեն կդասավանդի այդ ծրագրում: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր ուսուցիչ, ով ներգրավված է այդ համակարգում, ինքը պարտավորություն ունի մենթորություն անել այլ ուսուցիչների: 10 տարվա ծրագրի արդյունքում պլանավորում ենք, որ 2 000 ուսուցիչներ կլինեն մեր բոլոր ավագ դպրոցներում և նրանից յուրաքանչյուրը 10 ուսուցչի համար մենթոր կհանդիսանա: Ազդեցության շրջանակը կընդգրկի մոտ 20 հազար ուսուցիչ»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ ցանկանում են Հայաստանում ստեղծել միջազգայնորեն ճանաչելի կրթական ծրագրեր. «Մեր վերջնական նպատակը հայկական կրթության որակի մրցունակության բարձրացումն է: Ահա այդ ցանկությունից է ծնվել «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ծրագիրը պետական է, որում ներգրավված են միջազգային լուրջ գործընկերներ՝ Քեմբրիջի համալսարանը, Լոնդոնի կրթության ինստիտուտը: Ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ունենալ միջազգայնորեն ճանաչելի կրթական համակարգ, պլատֆորմ և ունենալ միջազգային որակավորում ունեցող ուսուցիչների համայնք»:
Քահանայի խոսքով, այսօրվա դարաշրջանը շատ մրցակցային է, ապագայում լուրջ ծրագրեր իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ որակյալ մարդկային ռեսուրսներ: «Կրթության հիմնական գործոնը կախված է, նրանից, թե ինչպիսի ուսուցիչ ունենք: Ուսուցչի պարագայում կարևոր է հասկանալ, որ այն պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն է: Ուսուցիչը մարդ է, ում ձեռքում է մեր ամենամեծ գանձը՝ մարդկային ռեսուրսը»,-նշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով, դարերով ուսուցչի կերպարը շատ բարձր է եղել մեզանում, բայց այսօր այն դարձել է պարզապես մասնագիտություն: «Շատերն այսօր այն ընտրում են, որովհետև չեն կարող այլ ոլորտներում իրագործվել: Այդ նշաձողը ոչ միայն Հայաստանում է իջեցված, աշխարհում քննարկում է գնում, թե ինչպես անել, որ մարդկային լավագույն ռեսուրսն ուղղորդվի դեպի կրթություն: Սա արդի կրթության ամենամեծ մարտահրավերն է: Հենց այս ծրագրի նպատակն է, թե ինչպես անել, որ կարողանանք ապահովել լավագույն մարդկային ներուժի հոսքը դեպի կրթություն»,-ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 13-ին Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:
Երկրի ղեկավարը մասնավորապես ասել էր. «Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա