Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է հոկտեմբերին դռները բացած դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին և առաջիկա ծրագրերին:
Տեղեկացվել է, որ առաջին ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից և Ասիայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2023թ.-ին դպրոցը կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը, և աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ 60:
Վարչապետ Աբրահամյանը, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել դպրոցից ստացած նրանց տպավորություններին:
«Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանել եք Հայաստան՝ այս գեղեցիկ դպրոցում կրթություն ստանալու համար: Այս ժամանակը դուք պետք է օգտագործեք արդյունավետ՝ հնարավորինս շատ գիտելիք ստանալու համար»:
Վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այցելել է դպրոց և տեղյակ է, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մանկավարժներ են այստեղ աշխատում, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի աշակերտները հիմնարար գիտելիք ստանան: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ստեղծման նախաձեռնողներին՝ այս ծրագիրն իրականացնելու համար:
Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%:
Ուսուցումն իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատի դիպլոմ) ծրագրով: 2017 թ.-ին կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը՝ IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով:
Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է նաև Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ է տալիս սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Միացյալ hամաշխարհային քոլեջների համակարգը ներկայում ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա