Պատշաճ չի. Գ. Սահակյանը՝ Ծառուկյանի նախագահ դառնալու հավակնությունների մասին
«Դա շատ բացասական երևույթ է, երբ արտահերթ ընտրություններ են լինում. Քավ լիցի: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական օրակարգում նման խնդիր ոչ քննարկվում է, ոչ էլ իրողության մեջ կա»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ բացառելով արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հավակնություններին՝ Գ.Սահակյանն ասաց. «Պատշաճ չի: Մեր երկիրն ունի նախագահ՝ Սերժ Սարգսյան: Երբ կգա նոր ընտրությունների ժամանակաշրջանը՝ կքննարկենք, կպատասխանենք»:
Անդրադառնալով 2015թ-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը պաշտոնյան նշեց, որ նրանք ընդամենը իրենց ցանկություններն են արտահայտում, որոնք բյուջեի մեջ չեն տեղավորվում: Իսկ լրագրողների հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել էր, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ հրաժարական է տալու, Գ. Սահակյանն արձագանքեց. «Այն ժամանակ տնտեսական իրավիճակը մեկ այլ հարթության մեջ էր, այս պահին մի այլ: Եվ երկրորդը՝ այլ բան է հավակնությունները հաշվել և ներկայացնել, այլ բան է, որ տարբեր պատճառներով հնարավոր է, որ կանխատեսումները չիրականանան: Այդ հայտարարությունից հետո բավականին բան է փոխվել, աշխարհն է խառնվել... այդ իրողությունները դեռևս չկային»:
Նա նաև հավելեց, որ այն ժամանակ, օրինակ, Իսլամական պետությունը դեռ չէր առաջացել, այսինքն ֆորս-մաժորային վիճակ է: Ճշտող հարցին էլ՝ Իսլամական պետությունն ազդում է ՀՀ տնտեսության վրա, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ամբողջ աշխարհի վրա է ազդում, առավել ևս, որ այդ իմաստով Հայաստանը վտանգավոր գոտիում է գտնվում, ինչպես և Վրաստանը: