«Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը հացի գնի փոփոխություն չի ենթադրում»
Հասարակական և միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաև լրատվական միջոցների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում առաջին անգամ լայնորեն քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այն կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու:
«Հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության ուղղակի գործառույթն է: Ես կողմանկից եմ, որպեսզի այս հարցը խորապես ուսումնասիրվի և վերլուծվի: Նման ծրագրեր իրակիանացնելիս, մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև դրանց իրականացման ծախսարդյունավետությունը»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նրա գնահատմամբ` նման հանրային քննարկումները թույլ կտան շեշտադրել և հանրությանն իրազեկել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը հացի գնի փոփոխություն չի ենթադրում:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին մեր երկրին ցորենի ալյուրի հարստացման գործում անրաժեշտ սարքավորումներն անվճար տրամադրելու, ինչպես նաև մեթոդաբանական հարցերում շարունակական աջակցության համար:
«Բացի այդ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեկ տարի կտարամդրի նաև այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը»,-նշել է առողջապահության նախարարը` հույս հայտնելով, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի աջակցությամբ հետագա տարիներին ևս մեր երկիրը հնարավորություն կունենա շուկայականից ցածր գներով ձեռք բերելու ցորենի ալյուրի հարստացման համար անհրաժեշտ վիտամինահանքանյութային հավելումները:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ` ամենակարևորն այս հարցի շուրջ հասարակության մտածելակերպի փոփոխությունն է:
«Ծրագրի ներդրումը հիմնավորելիս բավական է բերել միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ցուցանիշները»,- նկատել է մասնագետը:
Նա հայտնել է, որ առաջիկայում օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո, ԱԺ-ում կկազմակերպվեն հանրային լսումներ:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը իր զեկույցում ներկայացրել է վիճակագրական տվյալներ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:
ԱՀԿ և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120մլն երեխաներ` խրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության, որի հետևանքն են հանդիսանում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա