Մերձդնեստրն հայտարարում է ինքնորոշման ևս մեկ հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին
Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունը պատրաստ է ևս մեկ ինքնորոշման հանրաքվե անցկացնել այն պայմանով, որ դրա արդյունքները կճանաչվեն միջազգային հանրության կողմից: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը:
«Դա (հանրաքվեի անցկացումը – խմբ.) հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհներից մեկն է և կարող է լուծել խնդիրը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում բնակվող ժողովրդի ցանկությունը: Մենք պատրաստ ենք դիտարկել ինքնորոշման ևս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն պայմանով, որ Մերձդնեստրի ժողովրդի կամքը հաշվի կառնեն և հարգանքով կընդունեն», - ասել է Շևչուկը:
Հիշեցնենք, Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունն անցկացրել է անկախության ճանաչման երկու հանրաքվե՝ 1991 և 2006 թթ-ին: Դրան արդյունքներով, ազգաբնակչության գերակշիռ մասը կողմ է արտահայտվել հանրապետության անկախությանը: Այնուհանդերձ, հանրաքվեների արդյունքներն երկու դեպքում էլ չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից: