Արծրուն Հովհաննիսյան. Կործանված ուղղաթիռին մոտենալու խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետ
Հայկական կողմին դեռևս չի հաջողվում մոտենալ ուղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը, քանի որ կործանված ՄԻ-24 ուղղաթիռը գտնվում է միջդիրքային հատվածում: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հիմա ու հատկապես այս գիշեր կար մեծ լարվածություն, բայց չնայած դրան, «Միասնություն-2014» զորավարժությունները շարունակում են իրենց ընթացքը և միջադեպը պարտադիր կստանա իրեն արժանի պատասխան»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ խնդիրը քննարկվել է այսօր ՀՀ նախագահի մասնակցությամբ, ով հետևում է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:
«Քննարկումները տարվում են և համապատասխան բոլոր քայլերը կարվեն անպայման», -ասաց Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Արցախը պատասխանելու Ադրբեջանի սադրանքին, ՊՆ մամուլի խոսնակն ասաց. «ԼՂՀ Պաշտպանության բանակը ոչ մի անգամ, և հատկապես նման աննախադեպ հարձակումից հետո, անպատասխան չի թողել հակառակորդի սադրիչ գործողությունները»: