Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան. Թեհրանը Բաքվին հորդորում է չմիջամտել իր ներքին գործերին
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Ադրբեջան կատարած այցի ավարտին երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հակամարտությունների լուծման վերաբերյալ հետևյալ կետն է ներառված. «Կողմերը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ անընդունելի համարելով սպառնալիքի միջոցով պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը, կողմնակից են, որպեսզի հակամարտությունները լուծվեն ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, միևնույն ժամանակ միջազգային նորմերի համաձայն՝ կողմերը կարևորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորումը»:
Վերլուծելով հայտարարությունը՝ կարող ենք ենթադրել, որ հայտարարության սույն դրույթը, թեև ընդգրկվել է Ադրբեջանի առաջարկությամբ, սակայն այն խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Թեհրանի կողմից:
Հաշվի առնելով վերջին տարիներին պաշտոնական Բաքվի կողմից նպատակաուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ իրականացվող քաղաքականությունը՝ Թեհրանը սույն ձևակերպմամբ թերևս Ադրբեջանին հասկացրել է, որ վերջինս պետք է զերծ մնա Իրանի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից:
Ի դեպ համատեղ հայտարարության մեջ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին դրույթը ևս ամրագրված է:
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը՝ ապա սույն հայտարարությամբ՝ Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ակնարկելով, որ Ադրբեջանի կողմից սահմանում իրավիճակի անկայունացումը հակասում է Իրանի՝ խաղաղ և անվտանգ տարածաշրջան տեսնելու տեսլականին: Նախօրեին, երբ Ադրբեջանում ցնծում էին ԼՂՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի կործանումից, Բաքվում Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման կողմնակից է և այդ հարցում անհրաժեշտ ամեն ինչ անելու է:
Եվ վերջում հավելենք, որ օրերս Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայում «Գորշ գայլեր» կազմակերպության և այլ ազգայնական խմբավորումների մասնակցությամբ մի հավաք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները կանխատեսել են «Իրանի անխուսափելի կազմաքանդումը» և Թուրքիայի իշխանություններին կոչ արել, «Իրանական Ադրբեջանի» հարցը շահարկելով, օգտվել այդ առիթից:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում