Միջազգային մամուլի անդրադարձը՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը
Միջազգային առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական զինվորական ուղղաթիռը կործանելու միջադեպին:
Bloomberg-ը իր անդրադարձում նկատում է, որ ադրբեջանական կողմի քայլ կարող է հակամարտության սրման լուրջ պատճառ դառնալ: Պարբերականը մեջբերում է նաև Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վալի մեկնաբանությունը, ըստ որի՝ «սա վատագույն ռազմական միջադեպն է՝ հրադադարի կնքումից ի վեր»: Պարբերականը հիշեցնում է նաև Ադրբեջանի կողմից նավթից և գազից ստացված գումարներով ռազմական բյուջեի և ծախսերի ավելացման մասին:
Reuters լրատվական գործակալությունը անդրադարձը սկսում է դեպքի մասին ՀՀ ՊՆ տարածած հայտարարությամբ՝ նկատելով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագրից հետո սա նման առաջին դեպքն է: Հղում անելով հայկական և ադրբեջանական աղբյուրներին՝ գործակալությունը գրում է, որ զոհերի մասին թեև վերջնական տեղեկություն չկա, սակայն խոսվում է անձնակազմի 3 անդամների զոհվելու մասին:
Associated Press-ը մեջբերում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեպքի առնչությամբ տրված մեկնաբանությունը և ապա հավելում, որ սույն միջադեպը հակամարտության սրման նոր պատճառ կարող է դառնալ:
Բրիտանական The Guardian-ը իր անդրադարձում նկատում է, որ միջադեպը հաջորդել է հուլիս-օգոստոս ամիսների լարվածությանըը, որի ժամանակ ադրբեջանական կողմը տասնյակից ավել զոհեր էր ունեցել: Մեջբերելով ԼՂ ՊՆ հայտարարությունը՝ պարբերականը գրում է, որ ուղղաթիռը կործանվել է զորավարժությունների ժամանակ, որից հետո դեպքի վայրում կրակոցներ են սկսվել ու շարունակվել տևական ժամանակ:
Գերմանական Deutsche Welle-ն նույնպես հղում է անում ՀՀ ՊՆ հայտարարությանը՝ նշելով, որ գերատեսչությունը ուղղաթիռի կործանման համար մեղադրում է Ադրբեջանին:
Eurasianet.org-ը ուղղաթիռի կործանումը որակում է «հավանական վտանգավոր հետևանք» ունեցող ադրբեջանական կողմի քայլ՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանամետ կայքերի փոխանցմամբ՝ այդ երկրի պաշտպանության նախարարությունը մեդալով է պարգևատրել հայկական ուղղաթիռը կործանած ադրբեջանցի զինվորականին: