Պարոնայք, ժողովուրդը էդ ձեր ստրիպտիզից ահագին գրգռված ա. Ն.Փաշինյան
«2015թ-ի պետական բյուջեի նախագծի հիմքում ոչ մի ռազմավարական ծրագիր, տեսլական, պատկերացում չկա և ըստ էության գործ ունենք անողնաշար բյուջեի հետ: Ի՞նչ է արել կառավարությունը: Կառավարությունն արձանագրել է, որ գազի ու հոսանքի գինը թանկացել է, ուզած-չուզած պետական մարմինների գազի փողը պիտի տան, հոսանքի փողը պիտի տան, մի երկու կոպեկ թոշակառուներին կտան՝ մի երկու կիլովատի փոխհատուցում, մի երկու կոպեկ կտան ուսուցիչներին ու… ու ոչ մի բան: Երևի Աստված մի դուռ կբացի»,- 2015թ-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելով ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հենց սա է եղել կառավարության մոտեցումը նախագիծը կազմելիս, որովհետև բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին
Այսինքն, ըստ Փաշինյանի, չի ասվում, թե այսօր աղքատությունը ինչ տոկոս է կազմում ու ինչքան է դառնալու 2015թ-ի պետական բյուջեի 1,3 տրիլիոն դրամ գումարի արդյունքում. «Չգիտենք՝ այս բյուջեի արդյունքում աղքատությունն ավելանալու է, թե պակասելու է: Այս բյուջեի նախագծին ծանոթանում ենք ու հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է տոկոսի տակ ընկած այն գյուղացիների կարգավիճակում, որ այս բանկից վարկը վերցնում են մյուս բանկում են վարկը փակում, էն մյուսից էլ վերցնում են՝ մեկ ուրիշում փակում»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է 114 մլրդ դրամի պարտք վերցնել և նույն թվականի ընթացքում փակելու է 115 մլրդ դրամի պարտք: Սա, ըստ պատգամավորի, ոչ այլ ինչ է, քան տոկոսի տակ ընկած պետության վարքագիծ. «Բյուջեի նախագծում արտառոց մի քանի փաստեր կան, օրինակ՝ սահմանապահ Չինարի, Բարեկամավան, Դովեր համայնքների դոտացիան նախորդ տարվա նկատմամբ նվազել է: Մենք այդքան խոսում ենք սահմանապահ համայնքների մասին, բայց էս երեք համայնքները, որ գտնվում են կրակագծի ամենաթեժ կետում՝ դրանց դոտացիաները պակասում են: Իսկ որոշ սահմանապահ համայնքների համար այդ դոտացիայի գումարը աննշան չափով է ավելանում, օրինակ՝ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի համար ավելացել է 269 հազար դրամով»:
Պատգամավորը տեղեկացրեց, որ նույն նախագծի համաձայն՝ Երևանին տրվող դոտացիան ավելացել է 2 մլրդ դրամով ու վրդովվեց՝ «դե արի մարդկանց բացատրի, թե ինչի է էսպես». «Որովհետև Երևանում կարող են նույն փողոցը տարին երկու անգամ ասֆալտ անեն ու դե արի մարդկանց ապացուցի, որ դա չի արվում ատկատների համար: Իսկ սահմանապահ համայնքների համար բյուջեում փող չկա: Ու չնայած վարչապետը երկու անգամ անձամբ, երկու անգամ էլ միջնորդավորված ինձ հավաստիացրել է, որ սահմանապահ համայնքների հետ կապված կոնկրետ հարցեր են լուծվելու՝ փաստն էն է, որ այս բյուջեում այդ հարցերը լուծված չեն»:
Այնուհետ Փաշինյանը քննադատեց եռյակին: Մասնավորապես, նա հույս հայտնեց, որ կառավարությունը գիտակցում է, որ սա ոչ իշխանական եռյակի դեպքը չի, որ ամառը ասեն աշուն, աշունը ասեն ձմեռ, ձմեռն էլ ասեն գարունը: Ու նաև անդրադարձավ ոչ իշխանական ուժերի պատգամավորների ԱԺ-ում հնչեցրած որոշ հայտարարություններին. «ԲՀԿ անդամներն ասում են՝ դե գիտեք ինչ, այս կառավարությունը շատ ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից: Կներեք, այդ ե՞ս էի այստեղ նստած նախորդ կառավարության բերած օրինագծերը շուտ-շուտ անցկացնում: Էդ ես չէի, էդ վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր և ի դեպ գործող կառավարության 20 անդամներից 10-ը նախորդ կառավարությունում աշխատել են հենց կառավարության անդամ: Էն մյուս վեցը կառավարություն են գնացել կամ խորհրդարանական մեծամասնությունից, կամ էլ կառավարության ուրիշ օղակների ղեկավարներ են եղել: Հիմա էս ի՞ն ժառանգության մասին ենք խոսում: Եվ էլ չեմ ասում, որ Տիգրան Սարգսյանի ձախողված կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն եղել է կառավարող կոալիցիայի անդամ, այնպես որ թող ԲՀԿ-ի գործընկերները իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»:
Ն.Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ են գործող կառավարության անդամները ընդհանրապես կառավարությունում: Իսկապես հարց է, շարունակեց նա, թե ինչու է մուլտիմիլիոնատեր Գագիկ Խաչատրյանն աշխատում որպես ֆինանսների նախարար, ո՞րն է նրա հետաքրքրությունը. «Ինչ եք զգում, պարոն նախարար, երբ թոշակառուներին 2 հազար դրամ եք տալիս ու մինչև դուք ելույթ եք ունենում, այդ ընթացքում ձեր բիզնեսը ձեզ տասնյակ միլիոնների դրամներ է բերում: Ի՞նչ զգացողություններ ունեք… ուզում եմ հասկանամ ձեր հագինն ի՞նչ է ու ընդհանրապես, որպես կառավարության անդամ, գիտակցում եք, թե ինչ է տարիներով նոր շոր չունենալով, տարիներով երեխեքի համար նոր շոր չառնել: Հասկանո՞ւմ եք դա, թե չէ»:
Այնուհետ հիշեցրեց երկու օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, երբ նախարար Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե որքան արժե նրա կոստյումը, իսկ վերջինս արձագանքել էր, թե սովոր չէ լրագրողների առջև հանվել. «Ի՞նչ է, փորձում եք գողական գնալ: Այդ ինչ տոն է պատգամավորի հետ խոսալու: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա ոչ ձեզ, ոչ էլ կառավարության որևէ անդամի մտքներով անցկացնել անգամ այդ բառապաշարով, այդ տոնով իմ հետ խոսալ: Ինչու, որովհետև դուք կոռումպացված կառավարության կոռումպացված ներկայացուցիչ եք, ես՝ ԱԺ ընտրված պատգամավոր: Որովհետև ինձ հետ այդ տոնով խոսալը նշանակում է այդ տոնով խոսել իմ ընտրողների հետ և ես հավաստիացնում եմ, որ ով կփորձի այդ տոնով նրանց հետ խոսալ չափազանց ծանր գին կվճարի: Ճիշտ է, Գագիկ Խաչատրյանն ասում է, որ ինքը հանվելու սովորություն չունի, բայց գիտեք ինչ, կներեք էլի, դուք, ձեր կառավարության ղեկավարը, այն անդամները, որոնց մասին խոսել եմ, ըստ էության ի՞նչ եք անում, կառավարության կաբինետներում նստած ափաշքյարա միլիոններ եք աշխատում: Հետո էլ ասում եք՝ մենք հանվելու խասյաթ չունենք: Կներեք, իսկ շատ կսխալվե՞նք, որ այս ամեն ձեր արածը անվանենք ուղղակի կոռուպցիոն ստրիպտիզ, որ դուք ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ: Եվ ուզում եմ ասեմ, պարոնայք, որ ժողովուրդը էդ ձեր ստրիպտիզից ահագին գրգռված ա ու եթե առաջիկայում դուք չվերանայեք ձեր հարաբերությունները ՀՀ ու նրա ժողովրդի հետ, հավատացեք վաղ թե ուշ ստիպված եք լինելու հանվել»: