Արցախի ԱԳ նախարար. ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը կրելու է շարունակական բնույթ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հանդիպել է դասախոսական կազմի և ուսանողության հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կարեն Միրզոյանը խոսել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական գործունեության պատճառով ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին և ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: