Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, նախօրեին Գագիկ Ծառուկյանն Առինջում հյուրընկալել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Թեև հանդիպումը քաղաքական է եղել և կողմերը խոսել են սահմանադրական և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, բայց կողմերը` հատկապես ԲՀԿ-ականները այն հույժ գաղտնի էին պահում: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, «Հրապարակ»-ի հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ՕԵԿ-ականների հետ իրենց հանդիպումը, ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, իսկ երբ թերթը պնդել է, որ ինքն էլ է անձամբ մասնակցել հանդիպմանը, նշել է. «Ես ասեմ հետևյալը` որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»:
Իսկ ոչ պաշտոնակա՞ն: « Դե եթե ոչ պաշտոնական, ես ձեզ ի՞նչ ասեմ»:
Ի դեպ հանդիպմանը մասնակցել են նաև Վարդան Օսկանյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը:
Հանդիպման մասին տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»:
Թերթի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո եռյակը համալրվի, ու ՕԵԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքել է. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»:
Թերթը հիշեցնում է, որ դեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ։