Ադրբեջանը պետք է պատժվի, կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն. ՀՅԴ-ական
Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին և ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակել ուղղակի հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել, այնպես որ ուղղաթիռի խոցումը պետք է ստիպի մեզ մտածել այն մասին, որ Ադրբեջանը պետք է պատժվի, կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն. «Քանի որ մինչև Ադրբեջանը չպատժվի` սա շարունակվելու է: Եվ երկրորդ` մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մարդու երկիր և ոչ թե մեր հարևանի նման տոհմական անասունների»:
Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղ մեկնելու փաստին, որը տեղի ունեցավ Ադրբեջանի` ԼՂՀ օդային տարածքը փակ հայտարարելու ֆոնին, դաշնակցական Վարդանյանը նշեց. «Առաջին քայլը կարելի է համարել ՀՀ նախագահի ուղղաթիռով այցը Ղարաբաղ: Բայց սա միայն սիմվոլիկ նշանակություն ունի, իսկ սիմվոլիկ քայլերով սահմանափակվել չի կարելի: Մենք երեք տարի է խոսում ենք Ստեփանակերտի օդանավակայանի մասին և ահա հիմա Ադրբեջանը հայտարարում է ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին: Այս իմաստով շատ ավելիք ունի մեր քիչ գործունյա ԱԳՆ-ն»:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: