Մահացել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն
Սուր սրտային անբավարարության պատճառով Լոնդոնում այսօր 58 տարեկան հասակում մահացել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն: Այս մասին հաղորդում է «apsny.ge» կայքը:
Նշվում է, թե 1980-ական թթ-ից մինչ 2004 թ-ը Բենդուկիձեն Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է ձեռներեցությամբ, մասնավորապես, եղել է «Միացյալ մեքենաշինության գործարաններ» հոլդինգի գլխավոր տնօրենը: 2004 թ-ին Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի հրավերով Բենդուկիձեն ստանձնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և համակարգել տնտեսական բարեփոխումների գործընթացը: 2004-2007 թթ-ին Բենդուկիձեի պաշտոնավարման ժամանակահատվածում Վրաստանը, Համաշխարհային բանկի բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմանների զեկույցի տվյալներով արձանագրել է բարեփոխումների ամենատպավորիչ առաջընթացը՝ 137-րդ հորիզոնականից առաջադիմելով 11-րդ հորիզոնական, ինչի կապակցությամբ նախարարին կնքել էին «բարեփոխիչ» անվամբ:
2009 թ-ին Բենդուկիձեն լքել էր պետական ծառայությունը և ձեռնամուխ եղել կրթության ոլորտում ներդրումներ իրականացնելու ծրագրին՝ հիմնադրելով «Գիտելիքների հիմնադրամ» ոչ առևտրային, բարեգործական կազմակերպությունը:
2014 թ-ին Բենդուկիձեն հրավիրվել էր Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը կից տնտեսական բարեփոխումների խորհուրդ: Վրացի գործչի մահվան կապակցության ցավակցական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: