Շաքարախտն այն հիվանդությունն է, որից յուրաքանչյուր մարդ կարող է խուսափել
«Շաքարախտն այն հիվանդությունն է, որի բանալին յուրաքանչյուրի ձեռքում է»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը` հավելելով, որ եթե մարդը ճիշտ ժամանակին սնվի և ուտի այն ինչ կարելի է, ինչպես նաև սպորտով զբաղվի, ապա այս առումով շատ ավելի լավ ցուցանիշներ կունենանք:
Նշենք, որ նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Նոյեմբերի 14-ը Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրն է, ով Շարլ Բեստի հետ համատեղ առաջինը խոսեցին ինսուլինի մասին: Դիաբետի Համաշխարհային օրվա գլխավոր խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք և առողջություն: Դա կապույտ երկինքն է, այն նաև հանդիսանում է ՄԱԿ-ի դրոշի գույնը. կապույտ օղակը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին պայքարելու դիաբետի համաճարակի դեմ: Նշենք նաև, որ շաքարային դիաբետը տարածվածությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը` սրտանոթային ու ուռուցքային հիվանդություններից հետո:
Է. Հայրապետյանի խոսքերով` վերջին տարիներին, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով տառապողների թվի աճ է նկատվում: Մասնագետներն այն արդեն համարում են դարի հիվանդություն և խիստ մտահոգված են:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 66000 մարդ: Գոյություն ունի շաքարային դիաբետի 2 տեսակ: 1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 5-10%-ը: Այն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների քայքայման հետևանքով, երբ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%-ը: Դա էլ առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն` հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն ինսուլինի նկատմամբ:
1-ին տիպի շաքարային դիաբետն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Թեև շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդանում են հիմնականում հասուն տարիքում, սակայն ներկայումս այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ տարիքում:
Է. Հայրապետյանը նշեց, որ շաքարային դիաբետի ռիսկային խմբերը հավելյալ քաշ և ճարպակալում ունեցողներն են, որի պատճառը նաև քիչ շարժունակությունն է: Հավելյալ քաշը և գիրությունը մինչև 80% դեպքերում կարող է դառնալ տիպ 2 շաքարախտի նոր դեպքերի պատճառ:
«Շաքարային դիաբետի առաջացմանը հիմնականում նպաստում է սխալ սնվելը, իսկ ավելի հաճախ՝ ավելորդ քաշը, ճարպակալումը, հատկապես որովայնի շրջանում եղած ճարպակալումը։ Եթե մարդիկ զբաղվեին առողջ ապրելակերպով, ես համոզված եմ, որ հիվանդությունների նման աճ չէր արձանագրվի»,- ասաց էնդոկրինոլոգը:
Մասնագետը կոչ է անում ճիշտ սնվել, սննդակարգում ներառել կանաչեղեն, բանջարեղեն, թարմ մրգեր, ամբողջական ձավարեղեն, անյուղ միս, ձուկ, ընկուզեղեն. որոնք կարող են օգնել նվազեցնելու 2 տիպի շաքարախտի ռիսկը, և խուսափելու շաքարախտային բարդություններից:
Նշենք, որ այսօր Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մոսկվայի տանը, 16:30-ին կայանալիք միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այդ թվում` շաքարախտով հիվանդները, քանի որ սա ոչ թե գիտական կոնֆերանս է, այլ միջոցառում, որն այդ ժամին ամբողջ աշխարհում դիաբետի օրը կնշվի «Մենք բոլորս միասին ենք» կարգախոսով: