Ֆրենկ Փալոնեն կոչ է արել Օբամային քննադատել Ադրբեջանի գործողությունները
ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ:
Հայտարարությունը հրապարակվել է կոնգրեսականի պաշտոնական կայքում:
«Ես ապշած եմ ու ցավում եմ Ադրբեջանի կողմից խոցված Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի համար, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր կատարում: Սա Ադրբեջանի կառավարության` Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հերթական օրինակն է, այն հանգեցնում է իրավիճակի սրմանը, ինչն էլ ապակայունացնող ազդեցություն է ունենում տարածաշրջանի վրա»,- հայտարարել է կոնգրեսականը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անկասկած, պետք է միջոցներ գործադրի, որոնք կխոչընդոտեն Ադրբեջանի կողմից նման բռնության ու ագրեսիայի դրսևորումը, և ԱՄՆ-ն պետք է այդպիսով ցույց տա իր` խաղաղությանն ու կայունացմանը սատար կանգնելը:
«Ես կոչ եմ անում նախագահ Օբամային պաշտոնապես քննադատել այդ հարձակումը, որը մահվան է հանգեցրել: Նաև կոչ եմ անում դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն` ամրապնդելով «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխությունը, ինչը սահմանափակում է Ադրբեջանին օգնությունը վերջինիս` Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի հետևանքով»,- հայտարարել է Փալոնեն:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ`
ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ