Թուրքիայում ԱՄՆ դեսպան. «Սարսափելի, ողբերգական իրադարձություններ»
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը, թուրքական «Հյուրիեթ» թերթի հետ հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Վաշինգտոնի դիրքորոշման մասին:
Մասնավորապես` պատասխանելով հարցին, թե ԱՄՆ 2015 թվականին արդյոք մտադի՞ր է ճանաչել «հայերի սպանությունները` որպես Ցեղասպանություն», դեսպանը նկատել է, որ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը բազմաթիվ անգամներ արտահայտել է նախորդ հայտարարություններում:
«Այսօր ես կարող եմ ասել, որ 1915 թվականին սկսված սարսափելի ողբերգական իրադարձությունների և հանգամանքների մասին մեր վարչակազմի դիրքորոշումը բավականին հստակ է: Այն արտացոլված է «հայերի հիշատակի օրերին» արված մեր հայտարարություններում: Մենք շարունակում ենք հավատալ, որ սարսափելի իրադարձությունների և սպանությունների հետևում գտնվող փաստերի ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է Հայաստանի և Թուրքիայի շահերից: Մեր կարծիքով այն կարևոր է նաև տարածաշրջանում փոխշահավետ հարաբերությունների և կայունության համար` այդ թվում նաև մեզ հետ»,- նշել է Ջոն Բասը: