Մոսկվան ունի լուրջ ու ազդեցիկ գործիքակազմ, որպեսզի կարողանա գործընկերներին ուշքի բերել. Գուզենկովա
«Չեմ կարծում, որ շահագրգռված կողմերը թույլ կտան, որպեսզի իրավիճակը Ղարաբաղում էլ ավելի սրանա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ստրատեգիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական փորձագետ Թամարա Գուզենկովան` մեկնաբանելով ԼՂ-ում ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի միջադեպը:
Տիկին Գուզենկովան ասաց, որ ինքը միտումնավոր բաց կթողնի վերջին զարգացումների քաղաքական, բարոյահոգեբանական և այլ նրբությունները, որովհետև դրանք վաղուց ու բոլորին հայտնի են:
Նա համոզված է, որ կան դերակատարներ, որոնք շահագրգռված են իրավիճակի էլ ավելի սրմամբ և ինչպես Boeing-ը Ուկրաինայում, այնպես էլ Ղարաբաղում ուղղաթիռը քաղաքական պատճառներով կործանվեց. «Դա ուղղակի զզվելի է: Բայց ես կարծում եմ, որ էսկալացիա հակամարտության գոտում չի լինի, այդ հարցերը կլուծվեն քաղաքական և դիվանագիտական մակարդակներում և արդեն այդ գործընթացը սկսվել է: Եվ մեծ հույս ունեմ, որ սա թեև շատ ծանր ու ողբերգական, բայց եզակի միջադեպ էր»:
Թ.Գուզենկովան հավելեց, որ վստահ է` Մոսկվան ունի բավականին լուրջ ու ազդեցիկ գործիքակազմ, որպեսզի կարողանա գործընկերներին ուշքի բերել և ստիպել` իրենց պահել այնպես, ինչպես հարիր է քաղաքակիրթ երկրներին:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Թեմայի շուրջ հրապարակումներ`
Արդյո՞ք դա նշանակում է, որ Բաքուն պատրաստ է սկսել պատերազմը հենց առաջիկայում. Ա.Կրիլով
Լավագույն պատասխանը Ադրբեջանին տվեց Սերժ Սարգսյանը. Ա.Արեշև