ԱՄՆ-ն զսպվածության կոչ է անում Արցախյան հակամարտության կողմերին. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն ինչպես և նախկինում զսպվածության կոչ է անում Արցախյան հակամարտության կողմերին: Այդ մասին կարճ ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին` անդրադառնալով նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՌՕՈւ` ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի միջադեպին:
Պսակիի խոսքերով` ԱՄՆ-ն տեղեկացված է միջադեպի մասին և խորը ցավակցություն է հայտնում զոհվածների կամ վիրավորների հարազատներին:
«Այս միջադեպը հերթական անգամ հիշեցնում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերը, նվազեցնել լարվածությունը և պահպանել հրադադարը»,- հայտարարել է Պսակին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է արդյոք ԱՄՆ-ն մտադիր անել ստեղծված իրավիճակում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, Պսակին հայտարարել է` ԱՄՆ-ն ընդգրկված է բանակցություններում կողմերից յուրաքանչյուրի հետ, որպեսզի ուղիներ գտնի խաղաղ լուծման համար:
«Հակահարվածները, նոր բռնությունը, լարվածության սրումը, չեն օգնում դրան»,- նկատել է Պսակին:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ
ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ