Շարունակվում է ընդունելությունը UWC Դիլիջան քոլեջ
UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ: 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում: Այս մասին հայտնում է IDeA հիմանդրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը նշել է, որ այժմ UWC Դիլիջանում կրթություն ստացող 96 ուսանողներից 63-ը սովորում են դրամաշնորհների շնորհիվ:
Դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ ընդունելությունը հաջողությամբ անցած ուսանողները կարող են դիմել դրամաշնորհ ստանալու համար և դրամաշնորհային հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ինչ ծավալի ֆինանսավորում կստանան նրանք: Նա նշել է, որ UWC համակարգում ներկայումս սովորող 22 հայ ուսանողներից բոլորն էլ ստացել են դրամաշնորհներ, որը ծածկել է նրանց ուսման ծախսերի 90-100%-ը: Նվիրատուների հատկացրած դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է 1.5 միլիոն դոլար:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան տեղեկացրել է, որ 2015 թվականին UWC համակարգում սովորելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 11-ն է: Հայտերը լրացվում են առցանց http://www.am.uwc.org/ կայքում:
Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին (2015 թ. սեպտեմբերի 1-ին) կլինեն 16-17 տարեկան։
Անդրադառնալով UWC Դիլիջան քոլեջում հայոց լեզվի դասավանդմանը հայաստանցի ուսանողների համար, Ջոն Փադըֆութն ասել է. «Հայ ուսանողներից ոմանք UWC Դիլիջան քոլեջ են ժամանում ավագ դպրոցն ավարտելուց հետո և մենք քննարկում ենք նրանց համար հայերենի «կատարելագործված» դասընթաց կազմակերպելու հարցերը: Ինչ վերաբերվում է հայաստանցի այն ուսանողներին, որոնք մեզ մոտ գալիս են 11-րդ դասարանն ավարտելուց հետո, ապա
2015թ. հունվարից մինչև դեկտեմբեր նրանց համար կներդրվեն հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության և կրոնի դասեր և նրանց կրթությունը ամբողջությամբ կհամապատասխանի ազգային կրթական չափորոշիչներին»:
Նոյեմբերի 15-ին UWC Հայաստանի ազգային կոմիտեն և UWC Դիլիջան քոլեջը կազմակերպում են «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում: Միջոցառումը կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա