ԵՄ-Հայաստան բարեկամության խումբ. Ադրբեջանի կողմից շարունակական կրակի պատճառով ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրն անհայտ է
Եվրախորհրդարանի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը քննադատել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցման միջադեպը: Նա կոչ է արել ԵՄ-ին հատուկ հանձնաժողով ստեղծել միջադեպի հետաքննման համար, հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը:
«Այս հայտարարությամբ ես քննադատում եմ 2014-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված սադրիչ գործողություններն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք, հավանաբար, զոհվել են»,- նկատել է Էլենի Թեոխարուսը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն փաստացիորեն խոցել է ԼՂՀ բանակի ուղղաթիռը, որը զինված չէր, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:
«Անձնակազմի անդամների ճակատագիրն անհայտ է մնում Ադրբեջանի կողմից շարունակական կրակի պատճառով, ինչը բարդացնում է փրկարարական գործողության անցկացումը: Այս միջադեպն ամենալուրջն է 1994-ից ի վեր, երբ հաստատվեց հրադադարի ռեժիմ Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև»,-ասել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և այլ եվրակոմիսարներին՝ ներկայացնելով միջադեպին վերաբերող փաստեր:
«ԵՄ-ն պետք է քննադատի այս գործողությունները և աջակցի հակամարտության՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծմանն ուղղված ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ՝
ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները