Ամերիկացի կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանի գործողությունները
ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են քննադատել Ադրբեջանի վերջին հակահայկական ագրեսիվ գործողությունները, հաղորդում է «Ասպարեզ» հրատարակությունը:
«Հայկական ուղղաթիռի խոցումն անթույլատրելի ագրեսիվ գործողություն է, որը կարող է խափանել փխրուն զինադադարը՝ տարածաշրջանը կանգնեցնելով բռնության նոր փուլի առաջ: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման հարձակումներն ու սադրանքները և հետևի Մինսկի խմբի բանակցություններում կոնկրետ առաջընթացին»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
Կոնգրեսական Ջուդի Չուն իր հերթին նշել է, որ խորապես անհանգստացած է Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններով: «Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են խաղաղության և դա են ուզում, սակայն Ադրբեջանի կողմից հրադադարի 1994-ի պայմանագրի անտեսումը սպառնում է հակամարտության երկու կողմերին»,- ասել է նա:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը, ի նշան համերաշխության #ArtsakhStrong սոցցանցային արշավին, իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է թողել. «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ հակված է բռնի գործողություններին, այլ ոչ թե խաղաղ բանակցություններին»:
Հավասարների խորհրդի անդամ Բեթթի Իյին ևս կիսվել է Ադրբեջանի վերջին գործողությունների առնչությամբ իր մտահոգություններով:
«Երբ կյանքը վտանգի տակ է, և քաղաքացիները վախի մեջ են, հավանական խաղաղության հույսը նվազում է: Ես միանում եմ աշխարհով մեկ իմ գործընկերներին, որոնք քննադատում են Հայաստանի դեմ տվյալ բռնության գործողությունը»,- հայտարարել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի գործողությունները քննադատել են նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն ու Ադամ Շիֆֆը:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ`
ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ