Ֆեռնանդու Սանթուշ. «Ոչ ոք չէր սպասում, որ հեշտ կլինի»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշը խոսել է Հայաստանի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպման մասին: Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթել են 1:0 հաշվով:
«Ոչ ոք չէր սպասում, որ հեշտ կլինի: Ես դիտել եմ Հայաստանի հավաքականի` Սերբիայի ու Դանիայի թիմերի հետ հանդիպումների տեսագրությունները: Նրանք պաշտպանվում էին մեծ ուժերով ու հակագրոհում 2-3 ֆուտբոլիստներով: Ինձ թվում է` վատ չսկսեցինք: Հասկանում էի, որ պետք է համբերություն ունենանք: Առաջին 15 րոպեն այնպես ստացվեց, ինչպես ուզում էինք, և եթե այդ ժամանակահատվածում գոլ խփեինք, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Հայերն աստիճանաբար սկսեցին հավատալ ոչ-ոքին պահպանելու հնարավորությանը և պատասխանել վտանգավոր հակագրոհներով: Շատ դեղին քարտեր ստացանք, բայց երբ պետք էր, հանգիստ էինք մնում ու սառնասրտորեն վերահսկում գնդակը: Ռոնալդուի ռեկորդը հսկայական նշանակություն ունի նրա, հավաքականի, երկրի և, իհարկե, ինձ համար»,- Սանթուշի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում միակ գոլը խփել է Քրիշտիանու Ռոնալդուն: Դրա շնորհիվ նա դարձել է Եվրոպայի առաջնությունների, ներառյալ` որակավորման փուլերը, պատմության լավագույն ռմբարկուն: Նրա ակտիվում 23 գոլ է գրանցված: Նշենք նաև, որ Ռոնալդուի` Հայաստանի հավաքականի դարպասը խփած գոլը 450-րդն էր նրա կարիերայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում