
Ադրբեջանական զինված գործողությունների արդյունքում բնակարանններից զրկվածները նորերը կստանան
ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքի հաղորդման` գործադիրը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից:
Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը: Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը: Համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:
Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:
Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
Օրենքի նախագիծը պետք է սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով և քննարկվի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին