«World Oil Outlook 2014». Ադրբեջանում նկատվում է նավթարդյունահանման խիստ անկում
Ադրբեջանում նկատվում է նավթի արդյունահանման խիստ անկում: Այս մասին ասվում է Նավթի արտահանող երկրների կազմակերպության (OPEC) «Նավթի համաշխարհային տեսություն 2014» («World Oil Outlook 2014») զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Ինչպես նշված է զեկույցում, տաս տարի լուրջ աճից հետո, որի արդյունքում 2010-ին նավթարդյունահանման ընդհանուր ծավալն աճել էր մինչև 1.07 մլն բարել մեկ օրում, Ադրբեջանը դարձել է արդյունահանման նկատելի անկման ականատեսը:
2011-ին Ադրբեջանում նավարդյունահանումը կազմել է 0.95 մլն բարել մեկ օրում, 2012-ին՝ 0.9 մլն բարել, 2014-ին ակնկալվում է անկում մինչև 0.87 մլն բարել մեկ օրում:
Ըստ զեկույցի՝ դա կապված է հիմնականում ուշացումների և ընթացիկ արդյունահանման խնդիրների հետ: Բացի այդ, Շահ Դենիզ նավթահանքի շահագործման աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկը հետաձգվել է մինչև 2018 թվականը, սակայն հնարավոր են նաև նոր հետաձգումներ:
OPEC-ը նաև կանխատեսում է, որ 2019-ին արդյունահանման ցուցանիշը կընկնի մինչև 0.8 մլն բարել մեկ օրում, իսկ ահա 2030-2040 թթ.՝ մինչև 0.7 մլն բարել մեկ օրում:
Նշենք, որ 2011-ից ի վեր Ադրբեջանում կրճատվում են նավթարդյունահանման ծավալները: 2010-ին հանրապետությունում արդյունահանել են 50.8 մլն տոննա նավթ, իսկ 2011-ին նավթարդյունահանման ծավալները նվազել են 10.8 տոկոսով՝ հասնելով 45.4 մլն տոննայի: 2012-ին նավթարդյունահանման ծավալները կրճատվել են արդեն 5.3 տոկոսով՝ հասնելով 43 մլն տոննայի: 2013-ին, համաձայն Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի տվյալների, հանրապետությունում արդյունահանել են 43.1 մլն տոննա նավթ, սակայն 2014-ին նավթարդյունահանման ծավալների նվազման միտումները շարունակվել են. հունվարից ապրիլ ամիսներին դրանք կազմել են 1.4 տոկոս, իսկ հունվարից հուլիս ամիսներին՝ արդեն 2.4 տոկոս:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ո՞ւր է կորել Ադրբեջանի նավթային հիմնադրամի դրամական մուտքերի 60 տոկոսը. Haqqin.az
Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների