Խոցված ուղղաթիռին մոտենալու աշխատանքները դեռևս արդյունք չեն տալիս
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խփված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի ընկած վայրին դեռևս հնարավոր չէ մոտենալ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե դեռևս այդ հատվածի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվո՞ւմ են, նա նշեց, որ ընդհանուր առմամբ որոշակի լարվածություն կա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, Արցախի իշխանություններն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն դեռևս անարդյունք:
Հիշեցնենք, որ Արցախի ն նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Lեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ ասել էր, որ Անջեյ Կասպշիկն ամենայն հավանականությամբ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի ադրբեջանական կողմից խփված ուղղաթիռի անկման վայրը։
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել էր Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ խնդրելով օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Կարմիր խաչն էլ դեռևս որևէ քայլ չի արել այդ ուղղությամբ: