Հայաստանից փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցը Վրաստանը չի փոխի. փաստաբան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանի գործով առաջին դատական նիստը Վրաստանում կայանալու է նոյեմբերի 20-ին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Օրեր անց նա հայտնաբերվել և կալանավորվել էր Վրաստանում: Ս. Գաբրիելյանի առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչն էլ, ըստ փաստաբանի, դարձել է խափուստի դիմելու պատճառը:
Վրաստանի դատախազությունը Ս. Գաբրիելյանի խափանման միջոցը գրավով, ստորագրությամբ կամ անձնական երաշխավորությամբ փոխելու պատրաստակամություն է հայտնել, սակայն փաստաբանն ասաց, որ հրաժարվել են, քանի որ կալանավորն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ կալանավորի կարգավիճակում նա պատշաճ բուժում է ստանում:
«Հաշվի առելով այդ փաստը, իր առողջության հետ կապված խնդիրները, մենք հրաժարվեցինք: Նա այս պահին ֆինանսապես հնարավորություն չունի, որպեսզի ինքը կարողանա հոգալ իր բուժման ծախսերը»,- ասաց Հ. Ճարոյանը:
Նա նաև հայտնեց, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս գործի հետ կապված դատական նիստը կայանալու է նոյեմբերի 24-ին:
«Ես դիմել էի Հայաստանի Գլխավոր դատախազին՝ Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու և հետախուզումը դադարեցնելու միջնորդությամբ: Պատասխանել են, որ Հայաստան վերադառնալուց հետո կքննարկեն այդ հարցը: Հանձնելու գործընթացը կտևի 5-6 ամիս: Ես դիմեցի դատարան՝ պարտավորեցնելու Գլխավոր դատախազին իմ միջնորդությունը բավարարել: Առաջին դատական նիստի ժամանակ կրկնում են դատախազության պատասխանը՝ արտահանձնելուց հետո կքննարկեն: Ես պնդում եմ, որ նա այնպիսի հիվանդություն ունի, որ անկախ ամեն ինչից պետք է ազատ արձակել: Դատարանը ժամանակ պահանջեց բժշկական հետազոտությունների արդյունքներին ծանոթանալու համար»,- մանրամասնեց փաստաբանը:
Նա նշեց, որ իր կողմից ցանկանում է դատարան ներկայացնել նաև վրացական կողմի արած բժշկական հետազոտության փաստաթղթերը, որոնք դեռևս չի ստացել:
Նախորդող հրապարակում՝
Վրաստանը հնարավոր է փոխի Հայաստանից փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցը. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները