Քննարկվել են վերարտադրողական տարիքի կանանց առողջության պահպանման հարցեր
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակի ղեկավար, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է Հայաստանում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությունը։ Օրենսդրական դաշտի ապահովումից մինչև հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում հղիների հսկողություն ապահովելու նպատակով շրջիկ գինեկոլոգիական ծառայության ստեղծում, շտապ մանկաբարձական օգնության կազմակերպում, անհրաժեշտ գործիքների տրամադրում, մասնագետների համար ուղեցույցների մշակում և բազմաթիվ այլ միջոցառումներ։ Նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերի, բուժհաստատություններում մասնագետների ամենօրյա ջանքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերջին տարիներին բարելավվել են կարևոր մի շարք ցուցանիշներ, այդ թվում` մայրական մահացության, հղիության արհեստական ընդհատումների։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը բարձր է գնահատել հատկապես մայրական մահացության ցուցանիշի նվազումը։
Հետագա համագործակցության շրջանակները քննարկելիս ընդգծվել է հազարամյակի նոր մարտահրավերներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» հիմնական ռազմավարությունից ելնելով ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը։
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ 17 նպատակ և 169 ուղինեշ է առանձնացրել, որոնք ցանկալի է, որ արտացոլվեն ազգային ծրագրերում»,-նշել է Զահիդուլ Հյուքը։
Սերգեյ Խաչատրյանն ընդգծել է, որ չնայած մեծ ջանքերի շնորհիվ արձանագրված հաջողություններին, Հայաստանի համար առաջնային է մնում մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշների նշանակալի նվազեցումը։
«Երևանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներում բարդացված ծնունդների վարման շնորհիվ բավականաչափ փորձ է ձեռք բերվում, որը փոխանցվում է մյուս մասնագետներին,-ասել է փոխնախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նախարարի հանձնարարությամբ ծննդատներից տվյալներ են հավաքագրվում կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացությունը նվազեցնելու գործին»։
Նախարարության այս նախաձեռնությունը ևս Զահիդուլ Հյուքի հավանությանն է արժանացել։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշվեց, որ այն հասարակական հնչեղություն է ստացել հենց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված աշխատանքի շնորհիվ։
Վերարտադրողական տարիքի կանանց առողջության բարելավման ուղղությամբ ռազմավարությունը թարմացնելու և նոր մոտեցումներ մշակելու գործում Սերգեյ Խաչատրյանը կարևորել է իրավիճակի գնահատման նպատակով մեծածավալ հետազոտությունների իրականացումը։
«Ամփոփ այդ տեղեկատվությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերը մշակելու համար»,-ասել է փոխնախարարը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը, ՀՀ առողջարապության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա