Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով
Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով: Ermenihaber.am լրատվականը, վկայակոչելով թուրքական «Միլլիյեթ» պարբերակնին, տեղեկացնում է, որ Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդը արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը, ի պատիվ նրա անվանակոչելու համար:
Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կունենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը:
Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում: Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական արտադրության ֆիլմերում: