2015թ-ի բյուջեն ավելի շատ հնարավորությունների բյուջե է. Թաթուլ Մանասերյան
2015թ-ի բյուջեի մասին հակասական կարծիքներ կան, բայց իմ համոզմամբ`այն ավելի շատ հնարավորությունների բյուջե է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Մասնավորապես, անդրադառնալով եկամտային մասին, տնտեսագետն ասաց, որ 2015թ-ի բյուջեով եկամտային մասով եղած հնարավորությունները չեն ներկայացվում:
«Կարծում եմ, որ կառավարությունը որոշ չափով նաև համեստ ակնկալիքներ է ներկայացրել, բայց ցանկալի կլինի, որ հաջորդ տարվա ընթացքում դրանք իրական թվերի վերածեր: Այնուամենայնիվ, իմ ակնկալիքները պետական բյուջեի եկամտային մասից շատ ավելի են, քանի որ դրանով պայմանավորված կարող է ավելանալ ծախսային մասը»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` ներկայացված է հնարավորությունների բյուջե, համեստ ցուցանիշներն էլ խոսում են այն մասին, որ ինչպես այս տարվա, այնպես էլ հաջորդ տարվա տնտեսության զարգացման կանխատեսումները կարող են նաև ավելի զուսպ լինել: Դա, ըստ տնտեսագետի, պայմանավորված է ոչ միայն ներքին գործոններով, այլ նաև տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության զարգացումներով:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին, ինչպես նաև ռուսական ռուբլու արժեզրկմանը, Թ.Մանասերյանը նկատեց, որ Հայաստանի հիմնական գործընկերը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի դժվար է կանխատեսումներ անել, թե հաջորդ տարի մեր տնտեսության համար ինչպիսի իրավիճակ կստեղծվի:
«Որևէ մեկը չի կարող հստակ կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն պետք է նկատել, որ արտաքին ազդակները գնալով ավելանալու են և Հայաստանը ավելի շատ է ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը»,- ասաց Թ.Մանասերյանը: