Վայոց Ձորի ռեստորաններն աշխատել են օրենքների խախտումներով
Վայոց Ձորի մարզում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի մեկի դրությամբ ստուգումներ է իրականացրել հանրային սննդի վեց օբյեկտներում:
Panorama.am-ին ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը տեղեկացրեց, որ տարեկան ծրագրով նախատեսված էր ստուգումներ անցկացնել մարզի հանրային սննդի 17 օբյեկտներում: Դրանցից հինգի վերաբերյալ որոշումները չեղյալ են հայտարարվել, քանի որ երեքի գործունեությունը դադարեցվել է, իսկ երկուսը միայն հյուրանոցային ծառայություններ են մատուցում:
Ստուգված օբյեկտներում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, օրինակ տնտեսվարողները չեն պահպանել «Սննդի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» օրենքների տարբեր հոդվածների, ինչպես նաև կառավարության որոշումների բազմաթիվ կետերի պահանջներ:
Հ. Գևորգյանի պատասխանում չի հստակեցվում, թե որ խախտումը որ տնտեսվարողն է կատարել, և ընդհանրապես տնտեսվարողների անուններ չեն նշվում, սակայն խոսքը վերաբերում է «Սննդի անվտանգության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, որը սահմանում է. «Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները»:
Խախտվել են նաև «Անասնաբուժության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, որը սահմանում է. «Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումներ»:
Թե ինչ համաճարակի մասին է խոսքը, չի հստակեցվում:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել
Շիրակում և Սյունիքում օրինախախտ ռեստորաններ են հայտնաբերել