Ահարոն Ադիբեկյան. «ԵՏՄ-ին անդամակցությունը կհանգեցնի գնաճի և սոցիալական բևեռվածության մեծացմանը»
«Ռուսաստանը մեր կարևոր տնտեսական գործընկերն է, չնայած այն հանգամանքին, որ մենք բացասական հաշվեկշիռ ունենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում`ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: ԵՏՄ-ին անդամակցելով մենք չենք կորցնում ռուսական շուկան, քանի որ մեր ապրանքները մրցունակ են այդ շուկայում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության դրական և բացասական հետևանքներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար դրական է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները այդ շուկայում կառաջացնի գյուղմթերքի պահանջարկ, որն էլ կարող է ապահովել հայկական գյուղարտադրանքը:
«Հայաստանից արտագաղթում է միջին դասը, իսկ Հայաստանում մնում է ապահով հատվածը կամ չքավորները, որոնք ի վիճակի չեն արտագաղթել: ԵՏՄ-ին անդամակցությունը կհանգեցնի գնաճին, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է հասարակության ներսում սոցիալական բևեռվածության մեծացմանը»,-նշեց Ա.Ադիբեկյանը:
Նրա խոսքով, Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման դեպքում երկրի ներսում կառաջանա ապրանքների պակասորդ, ինչն էլ իր հետ բերելու է գնաճ:
«Մենք մտնելով ԵՏՄ դառնում ենք միասնական տնտեսական տարածք և դուք չեք կարող արգելել ռուսական ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում»,-նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցություն ունի և դրական, և բացասական էֆեկտներ:
«ԵՏՄ-ին անդամակցությունը կարագացնի նաև արտագաղթը, սակայն արտագաղթը լինելու է ոչ այնքան քանակական, ինչքան որակական` արտագաղթելու է միջին դասը»,-նշեց Ա.Ադիբեկյանը:
Նրա կարծիքով, Ռուսաստանի շահերից է բխում ներգաղթի կազմակերպումը Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, այսինքն, իրականացնել քրիստոնյա ազգերի ներգաղթ դեպի Ռուսաստան: Ադիբեկյանը հավելեց, որ եթե մինչև 2015թ.-ը իշխանությունները չկարողանան լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները նրանք պետք է հեռանան: