Ջոն Քերի. Իրանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ
«Իրանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը եվրոպական ուղևորությունից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ներկայում Իրանի հետ շատ կարևոր բանակցություններ են ընթանում. Հույս ունենք, որ ինչ-որ կետի կհասնենք, սակայն չեմ ցանկանում կանխատեսում անել. Անհրաժեշտ է, որպեսզի Իրանը իր ողջ ջանքերը գործադրի, որպեսզի աշխարհին ապացուցի, որ իր միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ»:
Հավելենք, որ այսօր Վիեննայում սկսվել է Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը, որը կարող է վճռորոշ լինել վերջանական համաձայնության համար:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ:
Նախորդող`
ԻԻՀ ԱԳՆ. Իրանը շարունակելու է ուրանի հարստացման աշխատանքները
ԱՄՆ փոխնախագահ. Նոյեմբերի 24-ին հնարավոր է միջուկային խնդրի հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք բերել
Նեթանյահու. Իսրայելը Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք որևէ համաձայնություն չի ընդունելու