Սեպտեմբերի 11-ի ահաբեկիչը նոր անուններ է տալիս
Ֆրանսիայի 46-ամյա քաղաքացի Զաքարիա Մուսավին, ով Կոլորադո նահանգի բանտում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակցելու համար, հայտարարել է, որ ահաբեկչությունը ֆինանսավորել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նյու Յորքի և Օկլահոմա Սիթիի դատարաններ ուղարկած նամակում Մուսավին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և ֆինանսական ինստիտուտները աջակցել են 2001 թվականի ահաբեկչությանը: Նրա խոսքով, Սաուդյան Արաբիայի արքայազնը իրեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 2001 թվականին, երբ սովորում էր Օկլահոմայի ամառային դպրոցում, ինչպես նաև մեծ գումար էր ուղարկել 19 ահաբեկչի, ովքեր սեպտեմբերի 11-ին առևանգել էին ինքնաթիռները: 19 ահաբեկչից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին:
Մուսավին հայտարարել է, որ պատրաստ է դատարանում ցուցմունք տալ, սակայն մասնագետները կասկածում են, որ նրան կտրվի այդ հնարավորությունը, քանի որ նա մի քանի անգամ միմյանց հակասող հայտարարություններով է հանդես եկել: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա թագավորությունը կտրականապես հերքում է իր մասնակցությունը այդ ահաբեկչական գործողություններին: