Ավելի քան 67,000 ՀՀ բնակիչ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Orange Հիմնադրամն ամփոփում են «Լույս հայի աչքերին» ծրագրի 2014թ.-ի աշխատանքները: Ծրագրի նպատակն է որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի մարզերի բնակիչներին՝ Աչքի շարժական հիվանդանոցի միջոցով: 2011թ.-ից ի վեր, այս համագործակցության շնորհիվ արդեն ավելի քան 67,000 մարդ անվճար օգտվել է որակյալ ակնաբուժական ծառայություններից, այդ թվում 5200 մարդ անվճար վիրահատվել է Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ): Այս մասին հայտնում է Orange Հիմնադրամի մամուլի ծառայությւոնը:
Orange Հիմնադրամի և ՀԱՆ-ի ներկայացուցիչներն այցելել են Էջմիածին քաղաք` ամփոփելու շարժական հիվանդանոցի 2014թ.-ի շրջայցը: Այս նույն օրը նաև մեկնարկեց «1 selfie = 1 ակնոց» ծրագրով նախատեսված ակնոցների տրամադրումը Արմավիրի մարզում: Հիշեցնենք, որ հոկտեմբերին իրականացված առցանց արշավի շրջանակներում Orange-ի ֆեյսբուքյան էջին ուղարկված յուրաքանչյուր ինքնանկարի դիմաց տեսողության խնդիրներ ունեցող մեկ երեխա ստանալու է անվճար ակնոց:
«Ուրախ ենք մեր գործընկերների հետ համատեղ ամփոփել «Լույս հայի աչքերին» ծրագրի այս տարվա արդյունքները: Հպարտ ենք այս համագործակցությամբ, քանի որ այն օգնում է տասնյակ հազարավոր մարդկանց և իրապես փոխում նրանց կյանքը: Բացի այդ, սկսում ենք Orange-ի բաժանորդների շնորհիվ մեծապես հաջողված «1 selfie = 1 ակնոց» ծրագրի հաջորդ փուլը, որի շրջանակներում Արմավիրի մարզի ավելի քան 826 երեխաներ կստանան անվճար ակնոցներ, իսկ քանի որ նախնական զննումների արդյունքում արդեն ակնհայտ է, որ Արմավիրի մարզում բոլոր 826 ակնոցները անհրաժեշտ չեն լինի, ապա մենք ակնոցների մնացած մասը կտրամադրենք այլ մարզերում բնակվող երեխաների»,-ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Այս տարի ԱՇՀ-ը եղավ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացնելով 1,374 վիրահատություններ և լազերային բուժումներ։ 2014թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ նշված մարզերում հետազոտվել են 12,081 մեծահասակներ և 5,054 երեխաներ, 740 երեխա անցել է հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի վերաբերյալ, տրամադրված ակնոցների թիվն է 2,809։ ՀԱՆ-ը անչափ կարևորում է Orange Հիմնադրամի հետ ունեցած մեր համագործագցությունը։ Միասին աշխատելով այս չորս տարիների ընթացքում` բավականին մեծ արդյունքների ենք հասել և հուսով ենք, որ կշարունակենք այս համատեղ գործը մյուս տարիների ընթացքում», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարվարա Քալաշյանը:
2011-2014 թթ. Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 51,984 մեծահասակներ և 15,051 երեխաներ անցել են ակնային զննումներ, 8,961 բնակիչներ անցել կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 23,876 ակնոց, 4,399 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ: Այս տարի ԱՇՀ-ն առաջին անգամ այցելել է Գեղարքունիքի մարզ, իսկ Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում ակնային զննումներ և վիրահատություններ իրականացրել արդեն երկրորդ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա