Ֆարմանյանի առաջարկը բոլոր խոշոր հարկատուներին
«Կարծում եմ, որ Հայաստանում գործող բոլոր խոշոր ընկերությունները` խոշոր հարկատուները, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հարցում պետք է ակտիվ վարքագիծ դրսևորեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ներկայացնելով նախօրեին ԱԺ-ում հնչեցրած իր առաջարկի տրամաբանությունը:
Ըստ պատգամավորի` Հայաստանում կան որոշ ընկերություններ, օրինակ «VivaCell»-ը, որոնք կարող են դրական օրինակ ծառայել այս հարցում:
Նշենք, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ս.Ֆարմանյանը հայտարարեց, որ սոցիալական գործընկերության տեսանկյունից տրամաբանական կլիներ, որպեսզի ՀՀ կառավարությունը բանակցություններ վարեր «Հայռուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ` քննարկելու այն հնարավորությունը, որպեսզի նրանք սոցիալական պատասխանատվություն վերցնեն և որոշակի ծավալով փոխհատուցեն սահմանամերձ համայնքների գազի և էլեկտրաէներգիայի վճարները:
««Հայռուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում են: Նկատի ունենալով ՀՀ-ում առկա իրավիճակը, երբ մեր սահմանամերձ շատ համայնքներ ռազմական վտանգի ներքո են գտնվում, և կառավարությունը իր սուղ միջոցներից արտոնություններ է նրանց տրամադրում` նաև մասնակի փոխհատուցում սպառված գազի և էլեկտրաէներգիայի համար, կարծում եմ շատ տեղին կլիներ, եթե նրանք կառավարության հետ քննարկեին իրենց կողմից ևս սահմանամերձ համայնքների բնակիչներին որոշակի փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը»,- նշեց նա ու թվարկեց` որովհետև դա կլինի խաղի կանոնների մեջ ճիշտ քայլ ու նաև, հաշվի առնելով շրջանառության ծավալները, դա մեծ բեռ չէր լինի այդ երկու ընկերությունների համար, բայց փոխադարձը կողջունվեր հասարակության կողմից:
Ս. Ֆարմանյանը նաև կարծիք հայտնեց, որ դա կարող է թե’ ընկերությունների կողմից առաջ քաշվել, թե’ կառավարությունը քննարկեր նրանց հետ սոցիալական գործընկերության այդ տարբերակը. «Ամեն դեպքում իրենք ևս կարող են իրենց մասնաբաժինն ունենալ, որ սահմանամերձ համայնքներում բնակիչների կյանքը լինի ավելի բարվոք: Ինչպես գիտենք, 50 տոկոսը փոխհատուցելու է կառավարությունը, ևս 25 տոկոսը կարող են այս ընկերությունները փոխհատուցել»:
Ի դեպ, Ս. Ֆարմանյանն առաջարկում է նաև նույն սկզբունքով քննարկել բուհերում սովորող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցման տարբերակն արդեն բուհերի հետ, առավել ևս, որ չի կարծում, թե խոսքը ավելի, քան տարեկան 30 ուսանողի մասին է:
Թեմային առնչվող`
Սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցումը գումարի տեսքով չեն ստանա